Jump to content

Լուվր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուվր
Տեսակպատկերասրահ և հնագիտական թանգարան
Երկիր Ֆրանսիա[1]
ՏեղագրությունՍեն Ժերմեն լ'Օքսերուա[1]
ՎայրԼուվրի պալատ
Կազմված էԼուվրի հունական, հռոմեական և էտրուսկյան հնությունների բաժանմունք, Department of Islamic Arts of the Louvre?, Department of Egyptian Antiquities of the Louvre?, Department of Near Eastern Antiquities of the Louvre?, Department of Prints and Drawings of the Louvre?, Department of Decorative Arts of the Louvre?, Լուվրի գեղանկարի բաժին, Department of Sculptures of the Louvre?, Louvre Conservation Center?, Լուվր—Լենս և departement of the Byzantine Arts and the Eastern Christians in the Louvre Museum?
Հասցե75001[2]Ռիվոլի
Հիմնադրվել էօգոստոսի 10, 1793[3]
ՀիմնադիրՆապոլեոն Բոնապարտ[4]
Այցելուներ2 825 000 մարդ (2021)[5]
ՏնօրենԺան-Լյուկ Մարտինեզ[6] և Laurence des Cars?
Հավաքածուի չափս460 000 ± 5000 արխիվային միավոր[7]
Կայքlouvre.fr(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Լուվր (ֆր.՝ Palais du Louvre), նախկինում ֆրանսիական թագավորական պալատ, ավերված Թյուիլրի պալատի հետ (ֆր.՝ Palais des Tuileries) Փարիզի գլխավոր ամրոց։ Պալատը գտնվում է Փարիզի կենտրոնում՝ ձախից Սեն գետի, աջից՝ Ռիվոլի փողոցի միջև։ Լուվրը իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝ Փարիզի ամենամեծ թանգարանը (210.000 մ², որից 68.000-ը տրամադրված է ցուցահանդեսին)[8]։ Թանգարանը ներկայացնում է բազմազան հավաքածուներ՝ սկսած անտիկ ժամանակներից մինչև 1848 թվականը, Արևմտյան Եվրոպայից մինչև Պարսկաստան, Հունաստան, Եգիպտոս, Մերձավոր Արևելք և Միջագետք։ Լուվրում ներկայացված ստեղծագործությունները բազմազան են՝ նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ, հնէաբանական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն։ Համաշխարհային ճանաչում ունեն Լուվրում ներկայացված հունական անտիկ դարաշրջանի քանդակ Միլոսյան Վեներան, Լեոնարդո Դա Վինչիի «Մոնա Լիզան» (Ջոկոնդա), Էժեն Դելակրուայի «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» կտավը, և բազմաթիվ այլ ստեղծագործություններ։ Լուվրը աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանն է։ 2008 թվականին Լուվր է այցելել շուրջ 8.5 միլիոն մարդ[9]։ Լուվրի մշտական ցուցադրությունը ընդգրկում է շուրջ 35.000 ստեղծագործություն՝ տեղաբաշխված 60.600 մ² ընդհանուր մակերեսով դահլիճներում։

Լուվրը և Փարիզի մյուս թանգարաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական արվեստը սկսած 1848 թվականի Փարիզում ներկայացված է Օրսե թանգարանում (1848-1914 թվականներ) և Պոմպիդու կենտրոնում (1914-ից սկսած՝ ժամանակակից և մոդեռն արվեստ)։ Ասիական արվեստը ներկայացված է Գիմե թանգարանում (ֆր.՝ GuimetԱֆրիկայի, Օվկիանիայի և Ամերիկայի բնիկների արվեստը Լուվրում գրավում է համեմատաբար փոքր տեղ (շուրջ հարյուր ստեղծագործություն), Փարիզում սրանք առավել ընդգրկուն ներկայացված են Բրենլի ափափողոցի(ֆր.՝ Le musée du quai Branly) թանգարանում։

Թագավորական պալատ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուվրի հատակագիծը

1190 թ. Ֆրանսիայի արքա Ֆիլիպ Օգոստոսը Սեն գետի ափին կառուցում է Լուվր ամրոցը[10]։ Ամրոցը կառուցված էր պաշտպանական նպատակներով։ 1317 թվականին թագավորական գանձարանը տեղափոխվում է Լուվր, իսկ Շառլ V թագավորը ամրոցը դարձնում է թագավորական նստավայր։ Քաղաքի մեծանալու հետ մեկտեղ ամրոցը հայտնվում է քաղաքի կենտրոնում և կորցնում է իր պատշտպանական նշանակությունը։ 1528 թվականին Ֆրանցիսկ I արքան քանդում է ամրոցը։ 1546 թվականին թագավորը սկսում է ամրոցի վերակառուցումը` որպես թագավորական ճոխ նստավայր։ Միջնադարյան պարսպի արևմտյան մասը քանդվում է և փոխարինվում է Վերածննդի ոճով կառուցված թևով (ճարտարապետ` Պիեռ Լեսկո)։ Այս աշխատանքները շարունակվում են Անրի II և Շառլ IX արքաների թագավորության ժամանակ։ Այնուհետև քանդվում է հին Լուվրի պարսպի հարավային մասը, որը փոխարինվում է Վերածննդի ոճով նոր շենքի հսկայական թևով։ 1594 թվականին Հենրի IV-ը որոշում է Լուվրի պալատը ավելի մեծացնելով միավորել Թյուիլրի պալատի հետ, որը ներկայումս չի պահպանվել։

Թանգարանի գործունեության սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն ինչ սկսվում է Արքայական հավաքածուի լավագույն կտավների ցուցադրումից, որը պահպանվում էր Լյուքսեմբուրգյան պալատում 1750-85 թվականներին։ Ցուցահանդեսը ունենում է ահռելի հաջողություն, որից հետո էլ միտք է ծագում Լուվրում բացել մշտական ցուցահանդես։ Մարքիզ դը Մարինյին (ֆր.՝ marquis de Marigny)` Թագավորական շենքերի վարչության ընդհանուր տնօրենը, և նրա ժառանգորդ կոմս Անգիվիլլերին (ֆր.՝ comte d'Angiviller) ծրագրում են Լուվրը դարձնել թանգարան։ 1791 թվականի մայիսի 6-ին ընդունվում է օրենքը, իսկ 1793 թվականի օգոստոսի 10-ին տեղի է ունենում նոր թանգարանի հանցիսավոր բացումը։ Սկզբում թանգարանը ծառայում է որպես արվեստագետների կրթարան։ 1855 թվականից թանգարանը բաց էր հանրության համար շաբաթական մեկ օր` մնացած օրերին շարունակելով ծառայել արվեստագետներին։ Առաջին կայսրության ժամանակ Լուվրը ստանում է Նապոլեոնի թանգարան անունը։ Առաջին տնօրեն է նշանակվում Դոմինիկ-Վիվան Դենոնը (ֆր.՝ Dominique-Vivant Denon)։ Վերջինս Լուվրը դարձնում է աշխարհի ամենամեծ թանգարանը և նախագահում նրա ապամոնտաժումը առաջին կայսրության անկման ժամանակ։ Թանգարանը ընդլայնվում է նեոկլասիցիստ ճարտարապետներ Շառլ Պերսիեի (ֆր.՝ Charles Percier) և Պիեռ Ֆոնտենի (ֆր.՝ Pierre-François-Léonard Fontaine) շնորհիվ, որոնք Ռիվոլի փողոցի երկայնքով կառուցում են Լուվրի շենքի նոր թևը։ Հաջորդ փոփոխությունը կատարվում է Նապոլեոն II-ի օրոք, մասնավորապես իրագործվում է «մեծ դիզայնը»։ Հյուսիսային պատկերասրահի կառուցումը (Ռիվոլի փողոցի երկայնքով շենքը, որը Լուվրի պալատը միացնում է այժմ ավերված Թյուիլրի պալատին) լրացնում և ավարտում է Հեկտոր-Մարտին Լեֆելի (ֆր.՝ Hector-Martin Lefuel) և Լուի Վսկոնտիի (ֆր.՝ Louis Visconti) նախագիծը։ Սրան զուգահեռ` հարավային թևում կառուցապատվում է սիմետրիկ թևը, որով ավարտուն տեսք է ստանում հսկայական ճարտարապետական համալիրը։ Բայց 1871 թվականին Փարիզի կոմունան այրում է Թյուիլրի պալատը, և ճարտարապետ Լեֆելը ստիպված վերակառուցում է շենքի մի հատվածը (հյուսիսային թևի վնասված կտորը)։ Իսկ Թյուիլրի պալատն այդպես էլ չի վերականգնվում, և տարիներ անց բազմաթիվ կշռադատումներից հետո վերջնականապես որոշում է կայացվում մաքրել պալատի ավերակները, որն էլ տեղի է ունենում 1882 թվականին։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լուվրի ֆոնդերն էվակուացվում են, ըստ նախապես՝ 1938 թվականին որոշված պլանի, որն իրականացնում է թանգարանի տնօրեն Ժակ Ժոարը ((ֆր.) Jacques Jaujard)[11]։ Վերջինս 1936-ին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ մեծ օգնություն է ցուցաբերում Պրադո թանգարանի ֆոնդերը Ֆրանսիայի տարածքով դեպի Շվեյցարիա տեղափոխելու գործում։ Նա նախագծում է նմանատիպ պլան նաև Լուվրի համար Փարիզի ռմբակոծվելու դեպքում։ Սակայն ինչպես գրում է Հեկտոր Ֆելիսիանոն. «Նա (Հիտլերը) խաղաղության պաշտոնական պայմանագրի համար հույս ուներ ստանալ Ֆրանսիայի ստորագրությունը, որպեսզի ձեռք բերեր Լուվրի հավաքածուի լավագույն նմուշները` որպես պատերազմի փոխհատուցում»[12]։

Լուվրի բուրգը

1939 թ. օգոստոսին, Փարիզի օկուպացիայից հետո, թվով 50 ստեղծագործություններ տարհանվում են Փարիզից և գերգաղտնի կերպով տեղափոխվում են châteaux de Chambord (Loir-et-Cher), Louvigny (Sarthe), Château de Pau, ևն... Ընդհանուր առմամբ տեղի է ունենում 5,446 արկղերի 200 տեղափոխություն։ Անտիկ հունական քանդակ [Սամոտրասի հաղթանակը հանգրվանում է château de Valençayում, իսկ Ջոկոնդան «Փակված կարմիր թավշյա պաստառով, այնուհետև կաղամախե պատերով արկղի մեջ, կրում է ինվ. համար NLP n°0 և երեք կարմիր կետ, մեծ արժեքի նշանի տարբերակիչ»։ Պատերազմի ընթացքի հետ ֆոնդերի տեղափոխություններն ավելի ու ավելի զգուշություն են պահանջում, մասնավորապես ազատ տարածքի գրավումից հետո։ Ի վերջո գերմանացիներին հաջողվում է ճշտել թաքստոցների ճշգրիտ վայրերը, սակայն Գերմանիայի արվեստի պաշտպանության հանձնաժողովի պատասխանատու կոմս Վոլֆը աչք է փակում սրա վրա՝ կարևոր համարելով միայն այն, որ արվեստի գլուխգործոցները հասնեն հաջորդ սերունդներին[11]։ Օկուպացիայի ժամանակ գերմանացիները Պատկերազարդ արվեստի հատուկ անձնակազմի ((գերմ.) Sonderstab Bildende Kunst) ղեկավարությամբ ամբողջ Ֆրանսիայով թանգարաններից և մասնավոր հավաքածուներից սկսում են արվեստի ստեղծագործությունների սիստեմատիկ կողոպուտ, գլխավորապես վտարված կամ փախուստի դիմած հրեաների բնակարաններից։ Լուվրի` հնագիտության բաժնի վեց դահլիճներ մասամբ վերածվում են պահեստի սրահի, որտեղ բերվում են հրեաներից գողացած ստեղծագործությունները, և որտեղ ռայխսմարշալ Հերման Գյորինգը 1941 թվականի մայիսի 3-ին իր անձնական նստավայրը զարդարելու համար ստեղծագործություններ է ընտրում[11]։ Ժյո դը Պոմմ ազգային պատկերասրահի շենքը վերածվում է թաքստոցի։ Ստեղծագործությունները պահպանվում են արկղերի մեջ, նախկին սեփականատերերի մասին նշումներով։ Հետագայում պատկերասրահի աշխատակից Ռոզ Վալանի ((ֆր.) Rose Valland) ջանքերով հենց թաքստոցում համարակալվում են, ինչը թույլ է տալիս պատերազմից հետո ստեղծագործությունները վերադարձնել իրենց նախկին սեփականատերերին։ Լուվրը նույնպես պատերազմից հետո գրեթե ամբողջությամբ վերագտնում է իր գլուխգործոցները։

Լուվրի բուրգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտտերանի պատվերով Լուվրի պալատի Նոպոլեոնյան հրապարակի մեջտեղում կառուցվում է բրգաձև նոր մուտք՝ Լուվրի բուրգը։ Նախագծումն իրականացնում է չինական արմատներով ամերիկացի ճարտարապետ Լեո Մինգ Պեյը։ Ամբողջ կոմպլեքսը կառուցված է ապակե կտորներից։ Գլխավոր բուրգի բարձրությունը 23,64 մ է, իսկ հատակը` 35,42 մ²։ Ամբողջ բուրգը բաղկացած է իրար միացած թվով 603 շեղանկյուններից և 70 եռանկյուններից։ Հանդիսավոր բացումը կայացել է 1989 թվականի մարտի 30-ին, իսկ բացվել է ապրիլի 1-ին։ Բուրգի կառուցման առիթը 1789 թվականի Ֆրանսիական մեծ հեղափոխության 200-ամյա հոբելյանն էր։

Լեոնարդո Դա Վինչի Ջոկոնդա փայտե պաննո, յուղաներկ 1503-1506 թթ.

Լուվրի թանգարանը բաղկացած է ութ բաժիններից՝

Հին Արևելքի բաժինը նվիրված է Մեձավոր և Միջին Արևելքի հին քաղաքակրթությունների արվեստին՝ սկսած հնագույն ժամանակներից՝ առաջին բնակիչներից՝ (մ.թ.ա. 10.000 տարի և ավելի) մինչև Իսլամի դարաշրջան։

Հին Եգիպտոսի բաժնում ցուցադրված են նեղոսյան քաղաքակրթության մնացորդները՝ նախապատմական ժամանակներից (մ.թ.ա. 4-րդ հզ) մինչև մ.թ.ա. IV դ.:

Հին Հունաստան, Էտրուսկ և Հռոմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բաժինը ներառում է երեք քաղաքակրթություն՝ հին Հունաստան, Էտրուսկ և հին Հռոմ, կողք կողքի ցուցադրելով մի հսկա տարածաշրջանի անտիկ ժառանգությունը՝ Հունաստան, Իտալիա, հին Բաբելոն, Շումեր, Աքքադ՝ Նեոլիթյան ժամանակաշրջանից (մ.թ.ա. 4րդ հազարամյակ) մինչև մթ VI դ.[13]։

Իսլամի արվեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացնում է իսլամական արվեստը։ Իսլամական կրոնի հետ կապված քանդակներն ու նկարները։ Նաև իսլամ արվեստագետների ստեղծագործությունները։

Քանդակի բաժինը ընդգրկում է Միջին դարերը, Վերածնունդը և ժամանակակից դարաշրջանը։ Թանգարանի Ռիշելիե թևում ներկայացվում է ֆրանսիական արվեստի աշխարհում ամենակարևոր հավաքածուն, իսկ Դենոն թևում իտալական և գերմանական գլուխգործոցներ[14]։

Արվեստի ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բաժնում ներկայացված իրերը չափազանց բազմազան են թե՛ ժամանակաշրջանի, թե՛ օգտագործված նյութերի առումով։ Ցուցադրվում են զարդեր, գորգեր, կահույք, փղոսկրե, բրոնզե իրեր, կերամիկա, ևն։ Ցուցանմուշները ընդգրկում լայն ժամանակաշրջան՝ միջնադարից մինչև XIX դծ առաջին կես։

Գեղանկարչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարչության բաժինը ներառում է շուրջ 6000 կտավ՝ միջին դարերից մինչև 1848 թ։ 1848-ից հետո ընկած ժամանակաշրջանի գեղանկարչության հավաքածուն 1986 թ. Օրսե թանգարանի բացվելուց հետո տեղափոխվում է այդ թանգարան (չնչին բացառություններով)։ Գեղանկարչության բաժինը սկզբում ստեղծվել է արքայական հավաքածուից և հետագայում համալրվել է գնումների և նվիրատվությունների հաշվին։

Գրաֆիկական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուվրի վերջին՝ Գրաֆիկայի բաժնում ցուցադրվում են գրաֆիկական աշխատանքեր՝ կատարված տարբեր տեխնիկաներով։ Գրաֆիական աշխատանքների ցուցադրությունը կրում է բացառապես ժամանակավոր բնույթ՝ ստեղծագործությունները պարբերաբար փոփոխվում են, քանի որ այս մեթոդով արված աշխատանքները լույսի հանդեպ շատ զգայուն են։

Աֆրիկա, Ասիա, Օվկիանիա, Ամերիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս փոքրիկ բաժինը ներկայացնում է վերոնշյալ տարածաշրջանների արվեստի փոքրիկ հավաքածու՝ թվով 100 հատ, հիմնականում արձանիկներ և քանդակներ։ Բացվել է 2000 թ։ Այս բաժինը նախատեսվել է, որպես Բրենլի ափափողոցի թանգարանի ((ֆր.) Musée du quai Branly) մշտական ներկայացուցչություն Լուվրում։

Պատկերասրահ 1

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուվրի պալատը 1908 թ.
Լուվրի պալատը 2006 թ. (Կարուսելի հրապարակից)
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://www.louvre.fr/en/visit/map-entrances-directions
  3. https://www.history.com/this-day-in-history/louvre-museum-opens
  4. https://www.irishtimes.com/culture/art-and-design/napoleon-s-stolen-masterpieces-the-plunder-that-formed-the-louvre-1.4589616
  5. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  6. Décret du 5 avril 2013 portant nomination du président de l'Etablissement public du musée du Louvre - M. MARTINEZ (Jean-Luc) — 2013.
  7. Rapport d’activité 2013 (ֆր.)
  8. Paris patrimoine - Septembre, p.1, Parisinfo.com. (ֆր.)
  9. Հաճախելության ռեկորդ Լուվրում 2008 թվական: Արխիվացված 2011-09-28 Wayback Machine (ֆր.)
  10. ԿաբաԲաի մոտ։ Լուվր (հայ.)
  11. 11,0 11,1 11,2 Claire Bommelaer, « Le Louvre sur les routes de l'exode » (Լուվրը աքսորի ճանապարհին), in Le Figaro, samedi 31 juillet / dimanche 1 août 2010, page 12. (Լուվրը աքսորի ճանապարհին), «Լը Ֆիգարո», շաբաթ հուլիսի 31-կիրակի օգոստոսի 1, 2010, էջ 12 (ֆր.)
  12. Hector Feliciano, Le Musée disparu (Անհետացած թանգարան), Gallimard. (ֆր.)
  13. Լուվրի պաշտոնական կայք, Հին Հունաստան, Էտրուսկ և Հռոմ բաժին, ընդհանուր տեղեկություններ (ֆր.)(չաշխատող հղում)
  14. Լուվրի պաշտոնական կայք, քանդակի բաժին, ընդհանուր տեղեկություններ(չաշխատող հղում) (ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուվր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 697